ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Առաջին օրը, երբ հասնեք Դրեզդեն, անպայման մոմ վառեք»

«Առաջին օրը, երբ հասնեք Դրեզդեն, անպայման մոմ վառեք»
28.11.2008 | 00:00

«ԵԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ` ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂՆ ԷՐ, ՍԽԱԼՎՈՒՄ ԵՔ»
Հարցազրույց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆԻ հետ
-Պարոն Յոլյան, «Իրավունքը de facto»-ն սրտանց, հիացքով շնորհավորում է բոլորիս, Ձեզ, մեր տղաներին` Հայաստանը ևս մեկ անգամ շախմատային գերտերություն դարձնելու-պահելու համար: Եվ այսպես, ի՞նչ զգացումներով էիք մեկնում Դրեզդեն։ Գիտեի՞ք, որ այսպիսի շռնդալից հաղթանակով կվերադառնաք հայրենիք:
-Բոլոր դեպքերում հաղթելու ակնկալիքը շատ մեծ էր, և Դրեզդենում նույնպես չխոսվեց չգնաց երկրորդ-երրորդ տեղերի մասին: Նպատակակետը մեկն էր` հաղթանակ: Յուրաքանչյուր հանդիպումից հետո այդ ակնկալիքն ավելի էր ամրապնդվում. մենք օլիմպիական չեմպիոն էինք ու պարտավոր էինք, որքան էլ դժվար, պահպանել տիտղոսն ու աշխարհին ապացուցել` Հայաստանի չեմպիոն լինելը ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն է, և որ Հայաստանի հավաքականն, իսկապես, ամենաուժեղն է աշխարհում: Ի դեպ, մեր թիմն ամեն ինչ անելու է, որ հավաքականը երեք անգամ անընդմեջ, որքան էլ դժվար լինի, դառնա օլիմպիական չեմպիոն:
-Աստծուն սիրելի է երրորդությունը, մանավանդ որ մեր թիմը ոչ այնքան սպորտային, որքան վիրտուոզ ոգևորություն ու ոգեղենություն պարգևեց ազգին` իր միասնականությամբ:
-Արդեն քանի տարի խոսվում է այն մասին, որ հայկական թիմի գերագույն բրենդը և հաղթության գրավականը նրա միասնականությունն է: Ասենք` մնացած հավաքականները կարող էին գալ, ամենքն իր համար խաղալ-գնալ, երեկոյան կամ առավոտյան իմանալ, թե իրենց թիմն ինչ արդյունք է գրանցել: Իսկ մենք միշտ միասին էինք. մինչև վերջին խաղացողը չէր ավարտում պարտիան, հյուրանոց չէինք գնում: Անշուշտ, մեր թիմն անչափ հզոր է։ Գիտե՞ք` կան շախմատիստներ, որոնք թիմային մրցաշարերում ավելի հաջող են հանդես գալիս, քան անհատականում, իսկ մեր թիմի յուրաքանչյուր անդամ տարիների ընթացքում ապացուցել է` թիմային պայքարում ավելի ուժեղ է, քան անհատականում: Սա է ճշմարտությունը:
-Ինչը, կարծես, հակասում է մեր ընդհանուր կեցությանը և, մանավանդ, վերջին տարիների փիլիսոփայությանը: Ինչի՞ արդյունք է շախմատային այդ միասնականությունը:
-Տղաներն ուղղակի որսում են թիմային ոգին. ինչ իրադրության մեջ էլ լինեն, նրանք կարողանում են զգալ միմյանց, և դա դրսևորվում է հատկապես շախմատային տախտակի առաջ։ Սա փոքր-ինչ անբացատրելի պրոցես է: Գիտե՞ք, երբ անհատական խաղ է, շախմատիստն ընդամենն իրեն է ներկայացնում, երբ թիմը երկրի` Հայաստանի դրոշի տակ է խաղում, բոլորովին այլ պատկեր ու պատասխանատվություն է: Ասենք` նույն Գաբրիել Սարգսյանը, նույն Վլադիմիր Հակոբյանն այս տարվա ընթացքում, այսպես ասած, այնքան էլ հաջող հանդես չէին գալիս, և նրանց անձնական վարկանիշներն ինչ-որ առումով այն չէին, բայց բոլորը տեսան, թե թիմային խաղում նրանք ինչ արդյունքներ արձանագրեցին:
-Պարոն Յոլյան, Դուք այնտեղ` Դրեզդենում, արդյո՞ք զգում էիք, որ Ձեզ համար այստեղ` Հայաստանում, ժողովուրդը կանգնած է հզոր աղոթքի. էդ աղոթքն էնտեղ «առնո՞ւմ» էիք, զգո՞ւմ էիք Ձեզ սատարող հայ շունչը:
-Վերջին խաղերում իսկապես զգում էինք: Երբ շատ ցավալի պարտություն կրեցինք Իսրայելից, ինչին, ի դեպ, չէինք սպասում, խոսակցություն եղավ, որ եթե մենք Իսրայելին հաղթեինք, ապա պրակտիկորեն կապահովեինք առաջին տեղը: Իսկ այդ դեպքում արդեն այլևս «հետաքրքիր» չէր լինի, և մեծ շախմատի պայքարի ոգին, տոնը կլքեր բոլորիս: Երբ նախագահ Սերժ Սարգսյանը եկավ Դրեզդեն, ժպիտով ասաց. «Չինաստանի նման գերտերությանը հաղթելն ու չեմպիոն դառնալը շատ ավելի պատվաբեր է, տղաներ, քանի որ առավել ծանր պայքարում հաղթանակն ավելի թանկ է»: Գիտե՞ք, երբ Սերժ Սարգսյանը եկել էր Ջերմուկ, դե, զրուցում էինք, ես իրեն մի հարց տվեցի, հարցին ի պատասխան նա ասաց. «Դա քեզանից է կախված, պիտի գնաս ու ի սրտե մոմ վառես տղերքի հաղթանակի համար։ Առաջին օրը, երբ հասնեք Դրեզեդեն, անպայման արա դա»։ Երբ հասանք տեղ, առաջին գործը, որ արեցինք ողջ պատվիրակությամբ, գնացինք Ֆրաուեն Կիրշե եկեղեցի, մոմ վառեցինք։ Լևոն Արոնյանի մայրիկն էր, Մինասյան Արտաշեսն էր, Թավադյան Հրաչը... բոլորս էինք: Ի՞նչն էր հետաքրքիր. Իսրայելի հավաքականին պարտվելուց հետո մեր գրոսմայստերներից մեկը Գյումրիից գիշերվա կեսին զանգեց ու թե` երազ եմ տեսել, Ռուսաստանից հետո ինչ-որ մեկին պարտվելու եք, բայց դառնալու եք օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակի օրն այդ երազի մասին հիշեցի: Մի բան էլ. նույն Ջերմուկում, երբ նախագահ Սերժ Սարգսյանը մեր առջև վերջին խնդիրներն էր դնում, ասաց. «Տղաներ, խաղացեք այնպես, ինչպես դուք կարող եք»: Երբ եկավ Դրեզդեն, Չինաստանի հետ հանդիպումից առաջ, երեկոյան նույն բառերն ասաց. «Կհաղթեք, թե կպարտվեք, տղանե՛ր, կապ չունի, խաղացեք այնպես, ինչպես դո՛ւք կարող եք»:
-Եվ, այնուհանդերձ, ի՞նչ ապրեցիք Իսրայելի հետ պարտության օրը:
-Պարտությունը պայմանավորված էր նաև նրանով, որ Լևոն Արոնյանը յոթերորդ տուրից հետո հիվանդ էր, և այդպես հիվանդ էլ հանդես եկավ (լուրջ մրսած էր, և ես կարծում եմ` միայն դա էր մեր պարտության պատճառը)։ Լևոնը պարտվեց Իսրայելի առաջատար Բորիս Գելֆանդին` ունենալով ինչ-որ առավելություն, նպաստավոր դիրք, երեք անգամ ոչ-ոքի ֆիքսելու հնարավորություն, իսկ ինքն ահա խաղում էր հաղթանակի վրա, ինչը հիվանդության արդյունք էր: Բոլոր դեպքերում, այդ պարտությունից հետո մեր հավատը չէր կորել, մտածում էինք` դառնալու ենք օլիմպիական չեմպիոն:
-Ի դեպ, հայրենիքում մնացածներս «Հայլուրից» իմացանք, որ «պարտության առիթով» Ձեզ է զանգահարել Սերժ Սարգսյանը, և Դուք երկար խոսել եք այդ մասին։ Այդ օրն ի՞նչ խոսեցիք:
-Երկրի նախագահը պրակտիկորեն ամեն օր տեղեկանում էր` ինչ է կատարվում Դրեզդենում, ինչպես են խաղում մեր հակառակորդները, ինչպիսին են նրանց դիրքերը, նա ամեն անգամ սպասում էր վիճակահանությանը, որը շատ ուշ էր ավարտվում` Երևանի ժամանակով ժամը երկուսին մոտ, որպեսզի իմանա` ով է Հայաստանի հաջորդ մրցակիցը:
-Չասացիք` պարտության օրն ի՞նչ խոսեցիք իր հետ:
-Դե՜, բնականաբար, անտրամադիր էր, մանրամասն տեղեկացավ` ինչպես ընթացան պարտիաները, խոսակցության ժամանակ ոչ մի պահ չզգացի, որ ինքը մտածում է, թե տղաները չեն հաղթելու. ասաց, որ տղաներին հավատում է, խնդրեց իր կողմից տղաներին ջերմ բարևներ փոխանցել, և երբ ես էլ ընթրիքի ժամանակ ասացի` երկրի նախագահը ձեզ ջերմ բարևներ է ուղարկում, տղաները քթների տակ քմծիծաղ տվեցին, իբր` պարտությունից հետո էլ ի՞նչ ջերմ բարև:
-Իսկ տեղի հայ համայնքը տղաներին ջերմություն «փոխանցո՞ւմ» էր:
-Դրեզդենում քիչ հայ է ապրում, բայց Գերմանիայի տարբեր քաղաքներից մեծ թվով հայեր էին եկել ու ցավում էին մեզ համար:
-Պարոն Յոլյան, ո՞վ էր թիմի ամենաչարաճճին:
-Ամենաչարաճճին, միանշանակ, Տիգրան Պետրոսյանն էր:
-Ի՞նչ էր անում:
-Իր խաղով միշտ ինտրիգ էր մտցնում, կարող էր քայլեր անել, որոնք ընդհանուր շախմատային տրամաբանությունից դուրս էին, բայց այն էներգիան, պայքարի ոգին, որ նրա մեջ կար, ի վերջո հոյակապ արդյունք էր բերում, և այն էլ +4 իր խաղատախտակի վրա, ինչն անչափ լուրջ արդյունք է, շախմատային լեզվով ասած:
-Ի դեպ, շախմատային այս մրցաշարը մի շատ հետաքրքիր օրինաչափություն էլ ժխտեց. նկատի ունեմ մրցաշարի առաջին օրը հայկական դրոշի բացակայությունը. երբ տեսանք, որ մեր դրոշը չկա, մտածեցինք` վատ նշան է:
-Այդպես չէր, որովհետև դրոշի բացակայությունն ընդամենը կազմակերպչական վրիպակ էր. մեծ սառցե դաշտում 154 երկրի դրոշ պետք է պարզեր, ու վրիպում էր տեղի ունեցել:
-Ես ինտրիգ չեմ մտցնում կատարվածի մեջ, բայց, պարոն Յոլյան, շախմատային գերտերություն էինք, գավաթը մեզ մոտ էր, էդ ո՞նց էին իրենց թույլ տվել վրիպել:
-Կազմակերպիչների համար 154 երկիրն այդ պահին նույնական էին, վերջին պահին ինչ-որ թյուրիմացություն էր տեղի ունեցել, ինչն էլ շատ սահուն ու արագ լուծվեց: Հայաստանը Գերմանիայի հետ ունի հոյակապ հարաբերություններ, եթե դա լիներ մեկ այլ երկրում, գուցե կարելի էր մտածել ինչ-ինչ «բաներ», բայց մարդիկ եկան, ներողություն խնդրեցին բացթողման համար, մյուս օրն արդեն բոլոր դրոշների կողքին ծածանվում էր նաև մեր եռագույնը:
-Խոսենք մրցույթի ամենասուր պահերի մասին:
-Եթե կարծում եք դա Չինաստանի հետ խաղն էր` վերջին պարտիան, սխալվում եք. այդ հանդիպումն անցավ շատ հանգիստ: Առավել սուր էին Ռուսաստանի, է՛լ առավել` ՈՒկրաինայի հետ մրցախաղերը. պարտիաներն անչափ լարված էին բոլոր տախտակների վրա, և մեզ հաջողվեց հաղթել։ Գաբրիել Սարգսյանը շատ հոյակապ խաղով` սկզբից մինչև վերջ, ճնշում-ճնշում էր ու շատ գեղեցիկ` թագավորի անցումով, կարողացավ հաղթել;
-Ի՞նչ զգացում էիք ունենում այդ ամեն ինչից հետո, պարոն Յոլյան: Հիմա նայում եմ Ձեզ` հոգնա՜ծ-հոգնած եք:
-Միակ զգացումն այն էր, որ հաստա՛տ չեմպիոն ենք դառնալու:
-Ցանկություն մնա՞ց, որ չիրականացավ:
-Ցանկություններն ապագային են վերաբերում, որ Լևոն Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոն, որ մեր մյուս տղաներն ունենան ավելի մեծ նվաճումներ, որ նրանց հետևից եկող սերունդն էլ այս բոլոր նվաճումների հետ անվերջ փոխկանչի մեջ լինի:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4593

Մեկնաբանություններ